Հասարակության մի ստվար զանգված, որ վաղուց հույսը կտրել է ընդդիմությունից, մտածում է, որ Կարեն Կարապետյանի դեմքով հնարավոր է հասնել իշխանափոխության` այն իմաստով, որ գործող համակարգը քաղաքակրթվի, փոխվեն առաջին դեմքերը: Հանրային այս սպասումներին, ինչքան էլ տարօրինակ է, նպաստել է հենց ընդդիմությունը` շարունակ պնդելով, թե Կարապետյանը «Մոսկվայի մարդն» է: Ինչևէ, երեկ հանրային հենց այդ սպասումներն է գրգռել հայտնի բժիշկ, ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համար Արա Բաբլոյանը: Նա կոչ է արել ՀՀԿ-ի համար քվեարկել, եթե ցանկություն ունեն, որ հենց Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում ապրիլի 2-ից հետո: Ինքնին հասկանալի է, որ Կարապետյանի` ՀՀԿ կենտրոնական դեմք դառնալուն զուգահեռ` վերջինս դառնում է ընդդիմության քննադատության հիմնական թիրախը:
«Մեզ պետք է ոչ թե վարչապետ, ով լայն ժպտում է, այլ օրուգիշեր աշխատում է»,-երեկ Աշտարակում ասել է ՕՐՕ-ի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Իջևան քաղաքում ավելի կտրուկ է արտահայտվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Հիմա այս վարչապետը եկել, ասում է՝ ես ներդրումներ եմ բերելու: Ինչո՞ւ հավատանք: Որովհետև ավելի գեղեցիկ ես, քան նախորդ վարչապե՞տը: Մի քիչ նվագել գիտես:․․․ Սա ինչ է, գեղեկցության մրցո՞ւյթ է, որ հավատանք: Ժողովուրդ ջան, այս հեքիաթներին երբեք մի հավատացեք»,-ասել է նա: Հանրապետականի թեման ամփոփելով` խոսենք երեկ տեղի ունեցած երկու իրադարձությունների մասին, որոնք վկայում են, որ առնվազն հեռանկարի մասով իշխանության վերնախավում տարբեր մոտեցումներ կան: Ինչպես հայտնի է` Քանաքեռ-Զեյթունում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով, ասում են, հեռանկարում գործադիրում աշխատելու ցանկություն ունի: Եվ ահա` երեկ Կարեն Կարապետյանը հենց այս ընտրատարածքում հայտարարել է, որ ինքը Պողոսյանին կառավարությունում չի տեսնում: Փաստորեն, վարչապետը հետևողականորեն հանդես է գալիս օլիգարխիկ համակարգի դեմ: Մյուս կողմից` երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ալեքս տեքստիլ ընկերություն, որը դե ֆակտո պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Քարոզարշավի այս փուլում` դիտորդները սա ժեստ են համարում նույն օլիգարխիային, որը մնում է ՀՀԿ-ին ձայներ ապահովող հիմնական շերտը: Երեկ քննադատության կենտրոնում էր նաև Սենրան Օհանյանը, ընդ որում,` թե իշխանության, և թե ընդդիմության կողմից:
Պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը երեկ «Ազատություն» TV-ի եթերում հայտարարել է, որ իրեն զարմացնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը Հանրապետական կուսակցության դեմ ու նաև հավելել է. «Անկեղծ ասած, ինձ զարմացնում է իր կողմից այն թեզը, որ ինքը բանակը զրոյից կառուցեց: Ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ և շատ լավ հիշում եմ բանակի զարգացումը տարբեր փուլերում, եթե դա օգնում է իրեն ավելի ամուր երևալ հանրությանը, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի»: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել Օհանյանի ընդդիմադիր լինելը` ասելով, թե նա տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի առանցքային անդամը: Նույն Նիկոլ Փաշինյանը երեկ Կոտայքի մարզում, ըստ էության, ասել է, թե ԵԼՔ դաշինքն է միակ ընդդիմադիրը. «Մենք միակ ուժն ենք, որ Հանրապետական կուսակցության հետ չենք գործակցել ու չենք գործակցելու»: Երեկ տեղի է ունեցել ևս երկու ուշագրավ իրադարձություն: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հյուրընկալվում որևէ հեռուստաընկերության, սակայն երեկ եղել է Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրը ու դարձյալ ներկայացրել է խաղաղության հաստատման իր ծրագիրը: Վերջապես` ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել Րաֆֆի Հովհաննիսյանը` միանալով ՕՐՕ դաշինքի քարոզչությանը: Երեկ զարմանք է հարուցել բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, ով ներկայացվող տնտեսական աճի մասին խոսել է ընդդիմադիր դիրքրից: «Մեզ մոտ թեև անընդհատ խոսում ենք տնտեսական աճի մասին, ցավոք, սակայն, այդ աճը մեր քաղաքացիներից շատերը, եթե չասեմ մեծամասնությունը կամ 99 տոկոսը, չի զգում իր վրա, որովհետև նախ այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով: Այն մեկ խումբ մարդկանց ձեռքում է, ցավոք, այսօր կենտրոնացած»,-Էջմիածնում ասել է նա:
Ազատ-դեմոկրատների վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը կարծում է, թե պետք է կանոնակարգել մարմնավաճառների աշխատանքը: Կարծում եմ` այս հայտարարությունը մարմնավաճառների սրտով չէ: Իսկ կոմունիստները նեղվում են փողից ու հաճախ սահմանափակվում են քայլերթով Երևանի կենտրոնում: Դե էլ ինչ օր` առանց միջադեպի: Արագածոտնի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով, մեր տեղեկություններով, դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և Մանուկ Հովսեփյանը: դաշինքի համակիր: Մամուլն արդեն միջադեպը կապել է հանրապետականների հետ:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ